Վերապատրաստման դասընթացներ

Վերապատրաստման բնագավառում ինստիտուտն իր նպատակն է համարում մասնակցությունը պետական և համայնքային ծառայողների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը:

Ինստիտուտը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել մասնագետների վերապատրաստման բնագավառում, մասնավորապես` համայնքային ծառայողների վերապատրաստման և համայնքային ծառայության համակարգի արմատավորման նպատակով կադրերի ուսուցման և որակավորման բարձրացման գործընթացներում:

2005 թվականին ՄԱԶԾ-ի հովանավորությամբ Երևանում կատարվեց համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացավարների դասավանդում, որին մասնակցել էին 3-ական ունկնդիր ՀՀ 10 մարզերից և Երևանից` ընդամենը 33 հոգի: Դասավանդողներին տրվեցին հավաստագրեր, որոնք ներգրավվեցին համայնքային ծառայողների վերապատրաստման աշխատանքներում:

Համայնքային ծառայության ներդրմանը նախապատրաստելու նպատակով 2006թ. կազմակերպվեցին համայնքների ղեկավարների և ավագանու անդամների վերապատրաստումներ (յուրաքանչյուր մարզից և Երևանից 15-ական ունկնդիր, ընդամենը` 165 մարդ): Մեկ շաբաթվա տևողությամբ մարզերում և Երևանում կազմակերպվեցին սեմինար պարապմունքներ, որոնց ընթացքում ունկնդիրներին տրամադրվեցին անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր և նորմատիվ-իրավական փաստաթղթեր: Ունկնդիրներն ստացան համապատասխան գիտելիքներ համայնքային ծառայության համակարգի ամրատավորումն իրականացնելու համար:

2006-2010 թվականների ընթացքում Գերմանիայի տեխնիկական համագործակցության ծրագրով վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, որոնց մասնակցել են 1000-ից ավելի համայնքապետեր, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ:

2007 թվականին "Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն" հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ Լոռու մարզում կազմակերպվել է "Տուրիզմի կազմակերպում" թեմայով ուսուցողական/ վերապատրաստման դասընթաց 16 ՓՄՁ սուբյեկտների համար:

2011 թվականից ինստիտուտն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրասում:

2011թ. հուլիսի 1-ից 2014թ. դեկտեմբերի 12-ը ինստիտուտում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի 1322 համայնքային ծառայողներ: Վերապատրաստումն իրականացվում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 02.03.2011 հ.27-Ա հրամանով հաստատված ծրագրով:

2014թ.-ին Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը մշակել է համայնքային ծառայողների 3-րդ փուլի վերապատրաստման ծրագիրը, հաշվի առնելով վերապատրաստման կարիքների փոփոխությունները և ինստիտուտում վերապատրաստում անցած համայնքային ծառայողների առաջարկությունները, ինչպես նաև "Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենքի պահանջները:

Համայնքային ծառայողների վերապատրաստման 3-րդ փուլի ծրագիրը` "Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում", հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով: Այն, ըստ էության, հանդիսանում է իր նախորդ ծրագրերի տրամաբանական շարունակությունը և զարգացումը: Ծրագրում պահպանվել են իրենց կենսունակությունն ապացուցած մոտեցումները, իսկ փոփոխությունները կատարվել են` ելնելով համայնքային ծառայողների նոր, ժամանակակից կարիքներից:

2015թ.-ից ինստիտուտն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստում` ՀՀ տարածքային կառավարման նախարարի 18.11.2014թ. N178-Ա հրամանով հաստատված ծրագրով: 2015թ. փետրվարի 9-ից 2016թ. նոյեմբերի 24-ը ինստիտուտում վերապատրաստում են անցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի 602 համայնքային ծառայողներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստված համայնքային ծառայողների թվաքանակի բաշխումն ըստ տարիների և բնագավառների

Բնագավառը 2011 2012 2013 2014 2015 2016 Ընդամենը
Ընդհանուր և իրավական հարցերի - 142 29 19 136 22 348
Ֆինանսատնտեսական հարցերի 183 - 135 170 64 102 654
Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության հարցերի - 138 53 27 142 34 394
Սոցիալական հարցերի 212 - 42 172 63 39 528
Ընդամենը 395 280 259 388 405 197 1924

Նկատի ունենալով, որ ներկա փուլում քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի "Քաղաքացիական ծառայության մասին" ՀՀ օրենքով և իրավական ակտերով նախատեսվող քաղաքացիական ծառայողների աշխատանքային ունակությունների հետագա կատարելագործումը, Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը մշակել և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացրել այդ խնդրի լուծմանն ուղղված վերապատրաստման 2 ծրագիր: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012թ. դեկտեմբերի 7-ի N 1077-Ա որոշմամբ հաստատվել են "Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտությունները" (Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ) և "Առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը" (Աշխատանքի կազմակերպման հմտություններ), սահմանվել է, որ հաստատված ծրագրերով քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը:

2013թ.-ից ինստիտուտն իրականացնում է ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստում:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2015թ. նոյեմբերի 20-ի N 995-Ա որոշմամբ հաստատվել են "Բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը" (Անձնակազմի կառավարման բարելավում) և "Առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը" (Անձնակազմի կառավարման բարելավում), սահմանվել է, որ հաստատված ծրագրերով քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը:

2013-2016թթ. ինստիտուտում վերապատրաստում են անցել ՀՀ 468 քաղաքացիական ծառայողներ (321` բարձրագույն և գլխավոր և 147` առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող):

2014թ. մայիսի 05-ից նոյեմբերի 14-ը ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն իրականացվել է նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2006թ. հոկտեմբերի 9-ի N829-Ա որոշմամբ հաստատված "Գործավարություն" ծրագրով:

Վերապատրաստված քաղաքացիական ծառայողների թվաքանակի բաշխումն ըստ զբաղեցրած պաշտոնների խմբերի

Պաշտոնների խումբ 2013 2014 2015 2016 Ընդամենը
"ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ"
Բարձրագույն և գլխավոր 97 93 65 35 290
Առաջատար և կրտսեր 20 32 32 23 107
Ընդամենը 117 125 97 58 397
"ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ"
Բարձրագույն և գլխավոր 15 15
Առաջատար և կրտսեր 12 12
Ընդամենը 27 27
"ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ"
Բարձրագույն և գլխավոր 16 16
Առաջատար և կրտսեր 28 28
Ընդամենը 44 44
ԸՆԴԱՄԵՆԸ ՔԾ 117 169 97 85 468

Վերապատրաստման դասընթացների պարապմունքներին ունկնդիրների պարտաճանաչ հաճախումները և ինտերակտիվ ուսուցմանն ակտիվ մասնակցությունը խթանելու և խրախուսելու նպատակով ինստիտուտում մշակվել են "Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում ունկնդիրների ակտիվ մասնակցության խրախուսման" և "Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներում ունկնդիրների ակտիվ մասնակցության խրախուսման" կարգերը: Դրանք քննարկվել և հաստատվել են ինստիտուտի գիտական խորհրդի 2014թ. հունվարի 20-ի նիստում (արձանագրություն թիվ 1) և գործողության մեջ են դրվել 2014թ. հունվարի 20-ից` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների և ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացներն արդյունավետ կազմակերպելու համար:

2014 թվականի հունիսի 16-ից հունիսի 20-ը ինստիտուտում վերապատրաստում են անցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 15 պետական ծառայողներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. հունիսի 3-ի N 6-2 հրամանով հաստատված "ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման" ծրագրով ("Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ"): Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է 15 հմտություն:

Համայնքային, քաղաքացիական և պետական ծառայողների վերապատրաստումն իրականացնում են գիտական աստիճան ունեցող դասախոսներ (գիտության դոկտորներ (պրոֆեսորներ), թեկնածուներ (դոցենտներ)), իշխանության տարբեր թևերի (ԱԺ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ, ԿԲ) բարձրորակ մասնագետներ և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ՏԻՄ-երի, համայնքային, քաղաքացիական և պետական ծառայության վերաբերյալ ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատանքների և զեկույցների հեղինակներ են, իսկ ”Աշխատանքային և կառավարչական հմտություններ ու կարողություններ” բաժնի ուսուցանման գծով` միջազգային հավաստագրեր ունեցող դասախոսներ: