Գիտահետազոտական գործունեություն
Գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեության բնագավառում ՏԿԻ-ի նպատակն է.
- գործուն մասնակցություն ցուցաբերել երկրի տնտեսության զարգացման և կառավարման տնտեսական քաղաքականության մշակմանը,
- զարգացնել գիտամանկավարժական գործունեությունը` ապահովելով գիտության նվաճումների ներդրումը կրթության ոլորտում:
Օգտագործելով իրենց գիտական ներուժը և գիտահետազոտական գործունեության հարուստ փորձը՝ ՏԿԻ-ի աշխատակիցները հիմնարար և կիրառական հետազոտություններ են կատարել հետևյալ ուղղություններով.
- մասնակցություն ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին,
- մասնակցություն ՀՀ քաղաքացիական ծառայության ռազմավարության մշակմանը,
- պետական կառավարման ապակենտրոնացման հայեցակարգային հիմնադրույթների մշակում,
- մասնակցություն ՀՀ տարածքային միավորների համաչափ զարգացման ծրագրերի մշակմանը,
- ՀՀ մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման համաթվերի ձևավորման մեթոդաբանության մշակում,
- ՀՀ վարչատարածքային միավորների արտաքին տնտեսական կապերի զարգացման ներուժի գնահատման մեթոդական մոտեցումների մշակում,
- ՀՀ-ում իրականացվող ծրագրերի (ներդրումների արդյունքների) գնահատաման մեթոդաբանության մշակում,
- տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող գրքերի հրատարակում,
- ՀՀ համայնքների զարգացման եռամյա ծրագրերի կազմման մեթոդական ցուցումների մշակում,
- ՀՀ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների ամփոփ գնահատման մեթոդաբանության մշակում,
- մասնակցություն Հայաստանում տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ամրապնդման Եվրոպայի խորհրդի ծրագրի իրականացմանը,
- մասնակցություն համայնքային ծառայության իրավական ակտերի մշակմանը,
- մասնակցություն ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող տեղեկատվական բազայի ստեղծմանը,
- միջհամայնքային միավորումների ստեղծման մոտեցումների մշակում,
- ՀՀ արտաքին տնտեսական կապերի զարգացման հիմնախնդրիների մշակում,
- ձեռնարկատիրության զարգացման և տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ առաջարկությունների մշակում,
- մի շարք աշխատանքներ` նվիրված բյուջետային, հարկային և մաքսային համակարգերի բարելավմանը, գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը և այլ հիմնախնդիրներին:
Գիտամանկավարժական բնույթի հետազոտությունների արդյունքում ՏԿԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը մասնակցել է հետևյալ աշխատանքների պատրաստմանը և հրատարակմանը`
- ուսումնական ձեռնարկներ («Համայնքային ծառայության հիմունքներ», «Տարածքային միավորների արտաքին տնտեսական կապերը» և այլն ),
- ուսումնական ծրագրեր («Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը», համայնքային ծառայողների վերապատրաստման երկրորդ փուլի ծրագրերն ըստ բնագավառների` ֆինանսատնտեսական, սոցիալական, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, ընդհանուր և իրավական հարցերի, համայնքային ծառայողների վերապատրաստման երրորդ փուլի ծրագրերն ըստ բնագավառների` «Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում», «Քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը», բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման «Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտություններ» ծրագիր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման «Աշխատանքի կազմակերպման հմտություններ» ծրագիր, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման «Անձնակազմի կառավարման բարելավում» ծրագիր և այլն),
- ուղեցույցներ («Ուղեցույց համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների համար», հարցազրույցի հարցաշարեր համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար և այլն):
Գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեության արդյունքները հրատարակվել են նաև գիտական հանդեսներում, գիտական աշխատանքների ժողովածուներում, գիտաժողովների նյութերում: Գիտական մի շարք արդյունքներ ներկայացվել են միջազգային և հանրապետական գիտաժողովների քննարկմանը:
Խորհրդատվության բնագավառում ինստիտուտի նպատակն է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և կառավարման արդի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ և ծրագրեր ներկայացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ինքնավար հասարակական միավորումներին և մասնավոր հատվածին:
Միջազգային համագործակցության բնագավառում ՏԿԻ-ն նպատակ ունի տնտեսության և կրթական համակարգի զարգացման ու կառավարման ոլորտում միջազգային առաջավոր փորձն ուսումնասիրելու և նպաստելու այն հանրապետությունում արմատավորելու գործընթացին:
ՏԿԻ-ի գործունեության այս տեսակները սերտորեն փոխկապված են և հիմնականում իրականացվում են միջազգային կազմակերպությունների համագործակցության հիման վրա:
Տարիներ շարունակ ՏԿԻ-ն համագործակցել և շարունակում է համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների Հայաստանյան ներկայացուցչությունների հետ, որոնց թվում են, մասնավորապես, ՄԱԶԾ-ն /UNDP/, ԱՄՆ ՄԶԳ-ն /USAID/, Եվրասիա հիմնադրամ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն /GIZ/, Համաշխարհային բանկը /The World Bank/, Եվրոպայի խորհրդի ծրագիր և այլն:
Միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ ՏԿԻ-ն իրականացրել է տարաբնույթ հետազոտություններ և խորհրդատվություն է տրամադրել`
- ՀՀ կառավարությանը,
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը,
- ՀՀ մարզպետարաններին,
- ՀՀ քաղաքապետարաններին,
- ՀՀ գյուղապետարաններին,
- ինքնավար հասարակական միավորումներին և տնտեսավարող սուբյեկտներին:
ՏԿԻ-ն համագործակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, որի պատվերով և ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ 2002-ից իրականացվել են «Համայնքների տիպաբանության զարգացում», «Աջակցություն ապակենտրոնացման գործընթացին», «Համայնքային զարգացում», «Աջակցություն ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգից բխող ծրագրերի մշակմանը և իրականացմանը», «ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման ցուցանիշների համակարգի ձևավորում և կախվածությունների վերլուծություն» ծրագրերը: